Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ ԵՄ սառեցված ռուսական ակտիվների եկամուտները պետք է ուղարկել ուկրաինական բանակի զենքի կարիքները հոգալուն, գրել է BBC-ն։
«Ժամանակն է սկսել սառեցված ակտիվների եկամուտները Ուկրաինայի համար զենք գնելուն տրամադրելու մասին խոսակցությունը,- ասել է ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում։- Չկա այլեւս ավելի ուժեղ խորհրդանիշ եւ ավելի խելամիտ միջոց այդ միջոցները ծախսելու համար, քան Ուկրաինան եւ ամբողջ Եվրոպան ավելի անվտանգ դարձնելը մարդկանց կյանքի համար»։
Փետրվարի սկզբին Եվրամիության առաջնորդները հաստատեցին իրենց որոշումը՝ 2024-27թթ. Ուկրաինային 50 մլրդ եվրոյի օգնություն տրամադրելու մասին։ ԵՄ-ն հայտնել է, որ Կիեւին ֆինանսավորելու միջոցներից մեկը կարող են դառնալ սառեցված ռուսական պետական ակտիվների եկամուտները։
Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Կանադան սառեցրել են ռուսական ԿԲ մոտ 300 մլրդ դոլարի ակտիվներ 2022թ. Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Մոտ 200 մլրդ դոլարը դրանցից պահվում է Եվրոպայում, հիմնականում՝ բելգիական Euroclear կենտրոնում։
Վերջերս Reuters գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Եվրամիությունը հազիվ թե բռնագանձի ռուսական ԿԲ սառեցված ակտիվները, քանի որ եվրոպացի պաշտոնյաներն այդ գաղափարը չափազանց ռիսկային են համարում իրավաբանական տեսակետից։
Ինչպես տեղեկացրել են արեւմտյան ԶԼՄ-ները, Բելգիան արդեն առանց այդ էլ հարկեր է ստանում ռուսական ակտիվները պահելուց։ Հոկտեմբերին այդ երկրի վարչապետը հայտնել էր, որ այդ կերպ ստացվել է 1,7 մլդ եվրո, որոնք, նրա խոսքով, պետք է օգտագործվեն Ուկրաինային ռազմական տեխնիկա եւ հումանիտար օգնություն տրամադրելու համար։