Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:
«Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հաջողություններ եմ մաղթել նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում:
Խոսելով երկկողմ կապերից` կարեւորել եմ Իտալիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների դարավոր հարուստ պատմամշակութային ժառանգության վրա:
Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը` այս հարցում կարեւորել եմ խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ եւ արդյունավետ գործունեությունը:
Նշել եմ, որ Ազգային ժողովում շուտով կձեւավորվի հայ-իտալական բարեկամական խումբը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը եւս կարեւորել է հայ-իտալական հարաբերությունների զարգացումը, խորհրդարանական համագործակցության ակտիվացումը:
Ներկայացրել եմ տարածաշրջանում հետպատերազմյան իրադրությունը, ընդգծել, որ առաջնահերթ է Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց հայրենիք վերադարձի հարցը, ինչն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այս համատեքստում արժեւորել եմ Իտալիայի
Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Քննարկել ենք նաեւ տարբեր ոլորտներում հայ-իտալական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Ալֆոնսո Դի Ռիզոն վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը` նպաստելու երկկողմ բարեկամական կապերի խորացմանն ու ամրապնդմանը»,-գրել է Աղաջանյանը։