Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Աբովյանի քաղ...

Այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հունիսի 9-ին ՀՀ 23 համայնքներում, այդ թվում Աբովյան քաղաքում տեղի ունեցած ընտրություններին ասաց.« Ընտրական գործընթացը տեղի է ունեցել օրենքի տառին համապատասխան»:

Դիտարկմանը, թե կարելի՞ է արձանագրել, որ իշխող թիմի վարկանիշը նվազում է, հաշվի առնելով, որ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» ստացել էր 70 տոկոսից ավելի քվե, իսկ այժմ իշխող ուժի թեկնածուն պարտվեց Աբովյանում, նա արձագանքեց. «Ես այդպես չեմ կարծում, որովհետեւ վստահաբար խորհրդարանական ընտրություններն իրենց տրամաբանությամբ եւ ծավալով, մասշտաբայնությամբ տարբերվում են ՏԻՄ ընտրություններից: Միանշանակ է, որ ՏԻՄ ընտրությունները ունեն որակի առանձնահատկություն: Մասնավորապես, անձնական գործոնը մեծ դեր ունի եւ միգուցե տեղային որոշ անձանց կամ խմբերի ազդեցությունն այս ընտրություններում ավելի մեծ դեր ունի»:

Հարցին՝ ո՞ւմ է ակնարկում, Աղաջանյանը նշեց. «Ես ընդհանրապես եմ ասում, տվյալ պարագայում, արդեն, կարծում եմ՝ դուք գիտեք»:
Նա անդրադարձավ նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, թե հեղափոխությունն Աբովյան չի հասել, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց. «Ես կարծում եմ, որ մարզպետը նկատի ուներ այն, ինչ ես ասացի: Մասնավորապես, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ քաղաքներում, գյուղերում այդ ազդեցությունները թերեւս շատ ավելի ուժեղ են, քան համապետական ընտրությունների ժամանակ»: