Հետպատերազմական այս շրջանում, Հայաստանում քաղաքական ընդդիմությունը թեեւ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու պատրաստակամությունն ինչ որ առումով իր հաղթանակը համարեց, որպես հանրային-քաղաքական ճնշման արդյունքում կայացված որոշում, սակայն իրականում փոքր արդյունքի կարողացավ հասնել եւ չկարողացավ քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը լուծել՝ հասնել Նիկոլ Փաշինյանի հեռանալուն։
Իհարկե, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե պատրաստ է արտահերթ ընտրությունների, սակայն դա չի նշանակում, որ հասարակության մեջ առկա պառակտումը դրանով կարող է հաղթահարվել, կամ էլ երկրում քաղաքական ճգնաժամն է հանգուցալուծվում։ Ավելին, մարդիկ ավելի անհանդուրժող են դարձել մեկմեկու հանդեպ, եւ քաղաքական այլակարծությունը վերածվել է մարդկային հակակրանքի եւ ատելության, ինչի ականատեսը եղանք այսօր՝ ԱԺ իշխանական պատգամավորների հանդեպ քաղաքացիների «ձվահարման ակցիայով» եւ դրան ուղեկցած տհաճ միջադեպերով։
Ու թեեւ իշխանությունը արտահերթ ընտրությունները փորձելու է ներկայացնել որպես փրկօղակ, սակայն իրականում այն անդունդի խորքերը քաշող երկնաքար է երկրի ու ժողովրդի վզից կախված, եւ այն թունելի վերջի լույսը, որում հայտնվել է Հայաստանը, դեռ չի երեւում։
Ի դեպ, «ձվահարման ակցիան», որպես քաղաքական-մարդկային անհանդուրժողականության դրսեւորում եւ Փաշինյանի արտահերթի գնալու պատրաստակամությունը, իրականում չափազանց վատ ուղերձներ է պարունակում իր մեջ՝ ուղղված հայաստանյան հանրային-քաղաքական դաշտին, քանի որ ամեն կերպ իշխանությունը ձգտում է ձախողել, տապալել ճգնաժամի հանգուցալուծման քաղաքական հնարավոր տարբերակները։
Գործող վարչապետի այս պատրաստակամությունն իրականում այլ բան չէ, քան ճամարտակություն՝ պատերազմի դառը արդյունքները, դրանում իր անձնական եւ իշխող մեծամասնության թիմային պատասխանատվությունը մոռացնելու, ստեղծված քաղաքական ճգնաժամի բեռան տակից լղոզումներով դուրս գալու համար եւ այս առումով իրավիճակը բավական նման է Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տարիներին․ հիշեցնենք, որ իր կառավարման վերջին փուլում Սերժ Սարգսյանն, ըստ էության, փակել էր քաղաքական կուսակցությունների համար բոլոր աղբյուրները եւ առաջացել էր անարդարության զգացում։ Արդյունքում առաջացան խմբեր, որոնք նաեւ ահաբեկչական գործողություններով հանդես գալը ընտրեցին որպես քաղաքական պայքարի ուղի` ուղիղ սպառնալիքներ ստեղծելով պետության համար։
Նույն բանն է անում նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Նման վարքագծի շարունակականության դեպքում, չի բացառվում, որ կարող են ասպարեզ գալ մարդիկ, որոնք կապ չունենալով որեւէ քաղաքական ուժի հետ, ովքեր քաղաքականության առաջ փակված դռների փոխարեն բացեն մեկ այլ դուռ, որի դեպքում ձվերը կարող են փոխարինվել նռնակներով։ Արդյունքում այդ նռնակները կարող են պայթեցնել մեր պետականության հիմքերը եւ հարցականի տակ դնել Հայաստանի գոյությունն առհասարակ։
Գործող իշխանությունն ի դեմս իր առաջնորդի պետք է հասկանա, որ փակուղի մտած հասարակությունը փակուղուց ելք անպայման գտնելու է, նույնիսկ, եթե դրանք լինեն ռադիկալ եւ ներպետական մակարդակում չափազանց ցավոտ։ Ուստիեւ պետք է նաեւ հասկանա, որ աթոռին մնալու մարմաջը կարող է չափազանց լուրջ, կարելի է ասել նաեւ՝ ճակատագրական հետեւանքներ ունենալ երկրի համար, ու արդեն տարրական մարդկային բարոյական զգացումները պետք է դրդեն, որպեսզի հեռանա ասպարեզից։
Ի վերջո, եւ ոչ մի ճամարտակությամբ Նիկոլ Փաշինյանը չի կարող իր ճակատից մաքրել դավաճանի աղվեսադրոշմը, եւ ըստ օրինաչափության, հետպատերազմական քաղաքական ճգնաժամը խորանալու է նաեւ տնտեսական ճգնաժամով, որի պարագայում փողոց դուրս կգա Փաշինյանին այսօր պաշտող Պողոսը, որը սովից կսկսի ատել առաջին հերթին հենց նրան ու կհիշի, որ Նիկոլ Փաշինյանը «դավաճան» է։