Քաղաքական լուրջ աջակցության պարագայում Ադրբեջանին պետք է ճնշել պատժամիջոցների գործիքակազմով: Այս մասին Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր՝ մարտի 29-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպիսի հնարավորություններ կան ադրբեջանական բանտում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու առումով:
«Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու կառույցների հետ, սակայն շատ դժվար է միջազգային կառույցներին համոզել միջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ, այն պարագայում, երբ այդ ջանքերին չի աջակցում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն և իր քաղաքական աջակցությունը չի հայտնում այն կառույցին կամ պետությանը, որը պատրաստ է իր այս գործիքակազմը գործադրել ի շահ հայերի: Ուստի տեսական հնարավորությունը գոյություն ունի, սակայն, կարծում եմ, դրա կիրառման քաղաքական նախադրյալներն են թույլ: Իրավական հիմքերը շատ հստակ են, և դրա առնչությամբ մենք աշխատանք ենք կատարել և կատարում և ունենք Եվրոպական միությանը պաշտոնապես ներկայացված դիմումներ և առաջիկայում նաև ԱՄՆ-ում ենք ֆորմալ գործընթաց նախաձեռնելու»,-նշեց Սիրանուշ Սահակյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար որոշակի սպառնալիք կարող է ներկայացնել նաև Միջազգային քրեական դատարանը, բայց եթե Հայաստանը խոսում է ընթացիկ միջպետական գանգատներից հրաժարվելու հնարավորության մասին, որոնք ընդամենը Ադրբեջանի պետության միջազգային պատասխանատվության մասին են, շատ քիչ է հավանականությունը, որ նման պայմաններում Հայաստանը իրավիճակը կուղղի Միջազգային քրեական դատարանին և այնտեղ կբարձրաձայնի իր հետ բանակցությունների նստող քաղաքական և ռազմական ղեկավարության անհատական քրեական պատասխանատվությունը զուտ ճնշման տեսանկյունից, որը կարող է հանգեցնել նաև ռազմագերիների խնդրի լուծմանը: «Իհարկե, Միջազգային քրեական դատարանի պարագայում նաև ընդդատությանը վերաբերող հարցեր կան, պատերազմական կամ մարդկության դեմ ուղղված ոչ բոլոր հանցագործություններն են, որոնք կարող են ուսումնասիրվել Միջազգային քրեական դատարանի կողմից, սակայն կարծում ենք, որ մեր պարագայում փաստերն ուժեղ են և կարող են հիմք ծառայել Միջազգային քրեական դատարանի ծանրաշարժ մեխանիզմը գործարկելու համար»,-կարծում է մասնագետը: