Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակա...

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ. Ն.-ն իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը: Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, չարաշահման հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «Սանիթեք» ՍՊ ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ գումար:

Այնուհետև հաղթող ճանաչված «Սանիթեք» ՍՊԸ-ի, ինչպես նաև՝ դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում հսկողություն չի իրականացրել ծառայությունների ամբողջ ծավալով ու պատշաճ իրականացման նկատմամբ և հաստատել է չմատուցված ծառայությունների դիմաց գումարները փոխանցելու հայտերը, ինչի հետևանքով  էական վնաս է պատճառվել Երևան համայնքի և համայնքի բնակչության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Քննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված ընկերությունների հետ պայմանագրերը կնքելուց հետո՝ 2015 և 2016 թվականներին, «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Ն.-ի հոր միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ վերջինիս պատկանող` Երևան քաղաքում գտնվող երեք տարածքները ամսական 1000-6000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարձակալությամբ  տրամադրելու մասին:

Հիշյալ հանգամանքով պայմանավորված` Վ. Ն.-ն, նյութական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չի կատարել ծառայողական պարտականությունները և հսկողություն չի իրականացրել նշված ընկերությունների կողմից աշխատանքների իրականացման նկատմամբ: Արդյունքում` աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ մատուցելու համար չեն նախատեսվել բավարար քանակի և չափի տրանսպորտային միջոցներ ու աղբամաններ, եղած աղբատար ավտոմեքենաներն էլ աշխատել են գերծանրաբեռնված, ինչը ժամանակի ընթացքում հանգեցրել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակի անկման:

Երևանի քաղաքապետարանի ու «Սանիթեք» ՍՊԸ-ի, ինչպես նաև՝ դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայությունների պայմանագրերին կից հավելվածներով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների պայմաններում Վ. Ն.-ն հաստատել է դրանց դիմաց վճարման ենթակա գումարները փոխանցելու հայտերը, որոնց հիման վրա հիշյալ ընկերություններին փոխանցվել է պայմանագրերով նախատեսված ողջ ծառայությունների մատուցման գումարը: Այսինքն` չմատուցված ծառայությունների համար հիշյալ ընկերություններին անհիմն վճարվել է  ընդհանուր 3.002.486.270  ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ առկա են հանցանքի կատարումը վկայող փաստեր, վարույթն իրականացնող ՀՀ հակակոռուպցիոն  կոմիտեի քննիչը 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Վ. Ն.-ի նկատմամբ արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին: Միջնորդությունը բավարարվել է, և քննիչի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Վ. Ն.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար նրան դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցումհանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: