«Ձեր տեղակալը լրագրողի է ապտակել». Արթուր Նահ...

Մեկ ամիս է ինչ զբաղեցնում եմ այս պաշտոնը և բնականաբար չեմ տիրապետում, թե դուք ինչ նկատի ունեք, որովհետև հնարավոր չի մեկ ամսում տիրապետել հարյուրավոր վարույթների, առավել ևս օպերատիվ հետախուզական մարմնում առկա նորից հարյուրավոր ուսումնասիրությունների: Դրա համար պետք է ժամանակ, թույլ տվեք այդ ժամանակը անցնի և մեծ սիրով ձեր բոլոր հարցադրումներին կպատասխանեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով նրան, որ Հակակոռուպցիոն կոմիտեն շատ արագ արձագանքում է, երբ խոսքը վերաբերում է, ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց, բայց երբ հրապարակումներ են լինում, որ օրինակ, տենդերներ է շահում Էջմիածնի քաղաքապետի սկեսուրը, Վեդու քաղաքապետը և այլն, այդ դեպքում Հակակոռուպցիոն կոմիտեն հապաղում է:

Հիշեցմանը, որ իր տեղակալ Արտակ Պողոսյանը, ժամանակին սկանդալների մեջ է եղել և օրինակ հայտնի է լրագրող ապտակելու գործով, և այդ գործն այս պահին ՄԻԵԴ-ում է, Կոմիտեի նախագահն ասաց. «Տեղյակ չեմ, բայց քանի որ նկարագրում եք լրագրող ապտակելու դեպք, հետևաբար այդ դեպքով բնականաբար իրականացվել է քրեական վարույթ և այդ գնահատականները քրեական պարույթում են։

Ավելին նշեմ, ինքնավար պաշտոնան զբաղեցնող անձը Հակակոռուպցիոն կոմիտեում պարտադիր կերպով անցնում է բարեվարքություն։ Հակակոռուպցիոն կոմիտեում չկա որևէ պաշտոնյա, ով բարեվարքության բացասական եզրակացություն է ունեցել։ Ես վստահ եմ, որ նույն ձեր նշած պաշտոնյայի մասով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հաշվի առնելով նաև նրա վերաբերյալ քննված վարույթները, տվել է բարեվարքության դրական եզրակացություն»: