Դուք կարող եք նվիրատվություն կատարել աշխարհի...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է միջոցներ հավաքելու United24 համաշխարհային նախաձեռնության մեկնարկի մասին՝ ուկրաինական բանակին, քաղաքացիական անձանց օգնելու եւ ուկրաինական քաղաքները վերականգնելու համար, հայտնում է Liga.net-ը։

Համաշխարհային նախաձեռնության առաջին բաղադրիչը դրամահավաքի առցանց հարթակն է, եւ շուտով, ինչպես հայտարարել է նախագահը, կլինեն այլ նախագծեր եւ ծրագրեր։ «Դուք կարող եք մեկ սեղմումով նվիրատվություն կատարել աշխարհի ցանկացած երկրից: Միացե՛ք U24-ին: Տեղեկացրեք ձեր ընկերներին նախաձեռնության մասին»,- հորդորել է Զելենսկին։

Տեսաուղերձում նախագահը հայտնել է, որ բոլոր նվիրատվությունները կփոխանցվեն Ազգային բանկի հաշվեհամարներին եւ կուղղվեն համապատասխան նախարարություններին։ Դրամահավաքի մասին հաշվետվությունները կթարմացվեն 24 ժամը մեկ: «Այսօր Ուկրաինան պայքարում է ոչ միայն իր, այլեւ ամբողջ ժողովրդավարական աշխարհի ազատության համար։ Մենք երբեք չենք մոռանա ձեր ներդրումը Ուկրաինայի հաղթանակի, ազատության հաղթանակի մեջ»,- ասել է Զելենսկին։