Դուք իրավունք չունեք մեր տրանսպորտային միջոցը...

Իշխանության տարբեր մակարդակի պաշտոնյաների հետ երեք հանդիպում ենք ունեցել, այդ թվում ՏԿԵ փոխնախարարի, ՏԿԵ տրանսպորտի վարչության պետ, մարզպետ և այլն: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Քասախի բնակիչներից Դավիթ Բոյաջյանը, ով եւս այսօր մասնակցում է բողոքի ակցիային:

Նշենք, որ Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները փակել են Երեւան մտնող մայրուղին եւ պահանջում են գծից չհանել թիվ 25 և թիվ 59 երթուղու ավտոբուսները, որոնք այս երկու գյուղերը կապում են Երեւանին:

Նա ընթերցեց քաղաքապետի համապատասխան որոշումը, որից ըստ նրա, բխում է, որ եթե 59 համար երթուղին հանում են, դրանից առաջ պետք է նոր մրցույթ հայտարարեն. «Մինչև այդ մրցույթի ամփոփումը դուք իրավունք չունեք մեր տրանսպորտային միջոցը հանելու մեր համայնքից։ Տրանսպորտային միջոց հանում են համայնքից այն ժամանակ, երբ կա հանրության կողմից պահանջ, պետք է համայնքապետարանում հանրային լսումներ կատարվեն և բոլոր փոփոխությունները պետք է կատարվեն միայն համայնքի շահերից ելնելով: Հակառակ պարագայում բոլոր այլ գործողությունները կլինեն անօրինական։ Սահմանադրությունամբ համայնքին տրված է լիազորություն բողոքելու նման գործողությունների դեմ, որոնք կատարվում են անօրինական»,- ընդգծեց նա:

Ավելի վաղ հայտնի էր, որ բողոքի ակցիաները սկիզբ էին առել դեռ ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։