Հայաստանի Ազգային ժողովի հերթական նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը և դրա հետ կապված օրենսդրական փաթեթը։ նախարարն ընդգծեց, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը նախատեսված է այն բանի համար, որ հիմնական բժշկական ծառայությունները ֆինանսապես հասանելի լինեն քաղաքացիներին, նվազեցվի աղքատության ռիսկը՝ առողջական ծախսերի պատճառով և բարձրացվի առողջապահական ծառայությունների արդյունավետությունն ու որակը։
Նախարարը հիշեցրեց, որ առողջության ապահովագրության ներդրման խոստումները տրվել են դեռևս 1990-ականներից, սակայն որևէ Կառավարություն դրանք ամբողջությամբ չի իրականացրել։
«Այսօր մենք ներկայացնում ենք մեր երկրի կարևորագույն բարեփոխումներից մեկը։ Համակարգը ներդրվելու է փուլային եղանակով և ընդգրկելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին»,– հայտարարեց նախարարը։
Ավանեսյանը նշեց, որ ապահովագրությունը չի ծածկելու յուրաքանչյուր քաղաքացու բոլոր բժշկական պահանջները։
«Ապահովագրությունը համընդհանուր է, ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու յուրաքանչյուր անհատի առողջապահական ողջ կարիքները։ Այն ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող վիճակների ու հիվանդությունների մեղմմանը և դրանց բուժման լավագույն արդյունքների ապահովմանը»,- ընդգծեց Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ որևէ երկրի բազային ապահովագրական փաթեթ չի կարող ընդգրկել մարդու բոլոր առողջական կարիքները։
«Մենք չենք խոստանում չիրագործվող բաներ։ Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր քաղաքացի կյանքի փրկող և հաշմանդամությունը կանխող առաջնային ծառայությունները ստանա հասանելի ձևով»,- ընդգծեց Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ բազային ապահովագրական փաթեթը լինելու է բոլորի համար միանման, իսկ ավելի լայն ծառայություններ ցանկացողների համար կշարունակեն գործել մասնավոր ապահովագրական փաթեթները։
Նախարարը նշեց, որ համակարգը հիմնված է սոցիալական համերաշխության գաղափարի վրա․ քաղաքացիները փոքր, կանոնավոր վճարներով ապահովում են իրենց իսկ պաշտպանությունը կյանքի դժվար պահերին։
«Մարդը իր կյանքի ընթացքում փոքր գումարներ ներդնելով՝ վստահ է լինում, որ հիվանդության դեպքում կարող է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Համակարգը չի լուծելու առողջապահության բոլոր խնդիրները, բայց ի հայտ է բերելու թաքնված խնդիրները, որոնք մենք պարտավոր ենք լուծել»,– ընդգծեց Ավանեսյանը։
Ապահովագրությունն ամբողջությամբ ներդրվելու է մինչև 2029 թվականը՝ երեք փուլով։ 2026 թվականից պետությունը կվճարի հետևյալ խմբերի ապահովագրավճարները․ մինչև 18 տարեկանները և 65 ու բարձր տարիքի քաղաքացիները, հաշմանդամության կարգ կամ ֆունկցիոնալության գնահատական ունեցող անձինք, 28 և ավելի անապահովության միավոր ունեցող քաղաքացիները։
Նույն տարում համակարգում կներառվեն նաև 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողները՝ ֆինանսական բեռը մեղմող սուբսիդավորման մեխանիզմով։
2027-ին համակարգին կմիանան մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող ֆորմալ աշխատողները։
2028–2029 թթ. կներառվեն մնացած բոլոր բնակիչները՝ գյուղատնտեսությամբ զբաղվողները, ուսանողները, տնտեսապես չակտիվ քաղաքացիները և այլ խմբեր։



