Փաշինյանի՝ Սյունիքի կարող ուժերի ճնշման պրոցեսին, պատասխանատվություն են կրում Արցախի եւ ՀՀ բնակավայրերի հանձնման համար. Տ․ Աբրահամյան
Ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր այսօր ապահովել ու ապահովելու են Փաշինյանի՝ Սյունիքի կարող, ունակ ուժերի ճնշման պրոցեսին, ամբողջությամբ պատասխանատվություն են կրում Արցախի եւ ՀՀ տարբեր բնակավայրերի հանձնման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Ոստիկանության աշխատակիցներ, չասեք, թե հրաման էինք կատարում կամ հրամաններն այն ձեւով չէին կատարում... հեքիաթները պահեք ձեզ, դուք աջակցում եք Արցախի, Սյունիքի եւ Հայաստանի անվտանգության ոչնչացմանը»,- գրել է Աբրահամյանը։
Նշենք, որ առավոտյան Ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել Գորիսի ելքի մոտ՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան, որով նախատեսում էին փակել Սյունիքի դարպասներն ու արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ։
Վաղ առավոտյան ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Նա ժամեր առաջ հանդես էր եկել կոչով, որով հորդորում էր գորիսեցիներին միանալ ավտոերթին, որը նպատակ ուներ խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։



