Դուբայի Կառավարության Մարդկային ռեսուրսների դեպարտամենտն ընտրել է 15 պետական գերատեսչություն՝ չորսօրյա աշխատանքային շաբաթը ներկայացնելու փորձնական ծրագրին մասնակցելու համար: Այս հաստատությունների աշխատակիցների համար նախատեսված է նաև աշխատանքային օրվա կրճատում մինչև յոթ ժամ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փորձը կտևի օգոստոսի 12-ից սեպտեմբերի 30-ը։ Այս ընթացքում պիլոտային նախագծին մասնակցող հաստատությունների աշխատակիցները կստանան ամբողջական աշխատավարձ, սակայն կանցկացնեն գրասենյակում կամ տնից կաշխատեն մեկ օր պակաս։ Կառավարության նախաձեռնությունը, որը կոչվում է «Մեր ճկուն ամառը», վերաբերում է միայն պետական ծառայողներին։ Մասնավոր հատվածի ընկերությունները փորձարկմանը չեն մասնակցում։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը սկսում է «Մեր ճկուն ամառը» նախաձեռնությունը, որը համահունչ է միջազգային լավագույն փորձին և ճկուն աշխատանքային միջավայր ստեղծելու մեր ջանքերին, որը թույլ է տալիս պետական աշխատողներին պահպանել աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռությունը: Նախաձեռնությունն ուղղված է աշխատակիցների կյանքի որակի բարելավմանը և հանրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման խթանմանը»,- գերատեսչության ղեկավար Աբդուլլահ Ալի բին Զայեդ ալ Ֆալասիի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։
Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, սեպտեմբերի 30-ից հետո վարչությունը կվերլուծի փորձի արդյունքները, ինչը թույլ կտա գնահատել քառօրյա աշխատանքային շաբաթվա արդյունավետությունը։



