
«Դրուժբա» նավթամուղով Հունգարիա և Սլովակիա ռուսական նավթի մատակարարումները դադարեցվել են առնվազն հինգ օրով՝ ուկրաինական հարձակման պատճառով։ Երկու երկրները դիմել են ԵՄ-ին՝ կոչ անելով գործողություններ ձեռնարկել։
Այդ մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
X սոցիալական հարթակում նա գրել է, որ Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարի հետ միասին նամակ են հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և էներգետիկայի հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենին՝ պահանջելով գործողությունների դիմել նավթամուղի վրա «ուկրաինական շարունակական հարձակումների հարցով»:
«Ընդամենը մի քանի շաբաթում այս կարևոր նավթամուղը հարձակման է ենթարկվում երրորդ անգամ, և հիմա Հունգարիա ու Սլովակիա նավթի մատակարարումներն առնվազն հինգ օրով կդադարեցվեն։ Եկեք հստակ լինենք. այս հարձակումներով Ուկրաինան առաջին հերթին վնասում է ոչ թե Ռուսաստանին, այլ Հունգարիային և Սլովակիային», - նշել է Սիյարտոն գրառման մեջ, որին կցված է համապատասխան դիմումը։
Դիմումում երկու նախարարները պահանջում են, որ Եվրահանձնաժողովը «երաշխավորի ԵՄ երկրների էներգամատակարարման անվտանգությունը»։
«Հաշվի առնելով, որ վերջին տարիներին Եվրամիությունը և դրա անդամ պետությունները Ուկրաինային հարյուրավոր միլիարդ եվրոյի աջակցություն են ցուցաբերել, մենք անընդունելի ենք համարում Ուկրաինայի գործողությունները, որոնք մեծապես սպառնում են Հունգարիայի և Սլովակիայի էներգետիկ անվտանգությանը», - ասվում է դիմումում։
Ուկրաինայի զինված ուժերն ավելի վաղ հայտնել էին «Դրուժբա» նավթամուղի «Ունեչա» նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին։ Բրյանսկի մարզի իշխանությունները, որտեղ գտնվում է կայանը, հայտարարել են, որ հարձակումից հետո բռնկված հրդեհն արդեն մարվել է։