Մեր թիմում Սուրեն Պապիկյանի աշխատանքից դժգոհություն չկա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
«Մենք համարում ենք, որ մեր գործընկերը արդյունավետ է աշխատում։ Իսկ ինչ վերաբերում է գերիների հարցին, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը զբաղվում է այդ հարցով, անհետ կորածների հարցով էլ է զբաղվում։ Մենք նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ որոշակի աշխատանքներ տանում ենք։ Չեմ կարող ասել, որ լայն լիազորություններ ունի մեր հանձնաժողովը, բայց մեր հանձնաժողովի հնարավորությունների շրջանակում մեր հանձնաժողովը զբաղվում է դրանով, և մենք պարբերաբար նաև մեր միջազգային գործընկերների հետ հենց այս հարցով հանդիպում ենք»,–ասաց նա։
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե Հայաստանի ԱԱԾ տնօրենը Բաքվում ում հետ է հանդիպել, արդյոք գերիների հարցին անդրադարձ եղել է, թե ոչ։ «Թույլ տվեք որոշակի տեղեկություններ հրապարակելուց զերծ մնամ։ Եթե դրա անհրաժեշտությունը լինի, համապատասխան մարմինները, այդ թվում նաև ԱԱԾ տնօրենը, հայտարարություն կլինի։
Եթե որևէ տեղեկություն հրապարակենք, այդ տեղեկությունները կարող են վնասել որևէ գործընթացի, հետևաբար թույլ տվեք ներողություն խնդրել և չխոսել որևէ տեղեկության մասին։ Պատեհ պահի դրա մասին կխոսվի»։



