Դպրոցներին լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի...

Կառավարությունը այօրվա՝ օգոստոսի 14-ին նիստում ընդունեց  բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը։

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ  լրացուցիչ ֆինանսավորման նպատակն է՝ խրախուսել կատարողականի բարձր արդյունք ցուցաբերած հաստատություններին և նպաստել վերջիններիս գրանցած արդյունքներն առավել  զարգացնելու և կատարելագործելու համար, իսկ կատարողականի ցածր արդյունք ցուցաբերած հաստատություններին աջակցել կրթական գործընթացներում առաջընթաց ապահովելու հարցում:

Նախագծի ներկայացման ժամանակ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարց ուղղեց Ժաննա Անդրեասյանին. «Ստավում է, որ լավ արդյունք ունեցող դպրոցներին փող ենք տալիս, վատ արդյունք ունեցող դպրոցներին փող ենք տալիս։ Մեկ էլ՝ մի բան ականջս ծակեց, եզրակացությունը, ըստ որի վատ արդյունքները կարող են պայմանավորված լինել վատ կառավարմամբ, հետևաբար ղեկավարության փոփոխության հարց կարող է առաջանալ միայն երկու տարի հետո։ Այս ժամկետը մի քիչ երկար թվաց ինձ»։

Ժաննա Անդրեասյանը, ի պատասխան հայտարարեց.

«Լավ արդյունքների դեպքում փող ենք տալիս, որ նոր, լավ բաներ անեն, իսկ վատ արդյունքների դեպքում փող ենք տալիս, որ ստանանք միջավայր, որի կարիքն ունենք։ Փորձը ցույց է տալիս, որ դպրոցները, որոնք ունեն վատ արդյունքներ, ունեն արտաքին աջակցության կարիք, և ներքին ռեսուրսը բավարար չէ, որպեսզի կարողանան հաղթահարել այդ դժվարությունը»։

Անդրեասյանը նշեց, որ բարձր կատարողականի, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների ցանկում չեն կարող ընգրկվել այն հաստատությունները, որոնցում սովորողների թիվը 50-ից պակաս է:

Յուրաքանչյուր տարի ֆինանսական խրախուսում և աջակցություն ստացող կընդգրկվի առավելագույնը 50 դպրոց։