ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին, որով առաջարկվում է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակների պատճենները տրամադրել աշակերտներին կամ ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային եղանակով:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նշված դասարաններում 2023/24 ուսումնական տարում ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որով պայմանավորված՝ փոխվում են նաև դասագրքերը և ուսումնական նյութերը: Նոր դասագրքերի տպագրությունն ընթացքի մեջ է, և դրանք փուլային տարբերակով կառաքվեն դպրոցներ սեպտեմբեր ամսվա ընթացքում:
Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին: Դպրոցներին հանձնարարվել է՝ զերծ մնալ ծնողներին դասագրքերը գնելու կամ դրանց էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից: Դպրոցն իր միջոցների հաշվին պետք է կազմակերպի դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից տպված համապատասխան թեմաների էջերը սովորողներին բաշխելու աշխատանքները:
Հաշվի առնելով վերջին օրերին քաղաքացիներից ստացված ահազանգերն ու դժգոհությունները՝ տեղեկացնում ենք, որ դասագրքերի խնդիրը քննարկվել է օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ՝ ՀՀ բոլոր մարզերի, Երևանի քաղաքապետարանի, ԿԳՄՍՆ ենթակայության, ինչպես նաև ոչ պետական դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Դպրոցները տեղեկացված են եղել անցումային փուլի խնդիրների և ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու մասին:
Միաժամանակ հայտնում ենք, որ քաղաքացիները դասագրքերի, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ իրենց հուզող հարցերով կարող են դիմել ԿԳՄՍ նախարարության «Թեժ գիծ»՝ 010-599-600 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ դասագրքերի ապահովման գործընթացն իրականացվում է սահմանված կարգով, համաձայն որի՝ տարրական դասարանների դասագրքերն աշակերտներին տրվում են պետական միջոցների հաշվին՝ անվճար, իսկ մյուս դասարանների դասագրքերը՝ ներդրումային գումարներով: