Դոնալդ Թրամփը «ճգնաժամ է ստեղծել և ավելի է վա...

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ճգնաժամ է ստեղծել և ավելի է վատթարացնում իրավիճակը» Լոս Անջելեսում, որտեղ օրեր շարունակ բողոքի ցույցեր են տեղի ունենում միգրանտների զանգվածային արտաքսման դեմ: 

Նահանգապետը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահին «հետ քաշվել»: Նյուսոմը նշել է, որ իրավախախտները կձերբակալվեն, և տեղական պաշտոնյաները պլանավորում են ապահովել խաղաղ ցուցարարների և օրենքի շրջանակներում գործող իրավապահ մարմինների աշխատակիցների անվտանգությունը։

«Ժողովրդավարությունը վտանգված է։ Դոնալդ Թրամփը ձեզ (իրավապահ մարմինների աշխատակիցներին-Խմբ. ) օգտագործում է որպես պատրվակ քաղաքը ռազմականացնելու և մեր ժողովրդավարությունը շրջանցելու համար։ <...> Դոնալդ Թրամփը պետք է նահանջի», - սոցիալական ցանցերում գրել է նահանգապետը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայի Ազգային գվարդիան ուղարկել էր Լոս Անջելես՝ բողոքի ցույցերը ճնշելու համար: Կալիֆոռնիայի իշխանությունները մեղադրել էին ԱՄՆ նախագահի վարչակազմին «ներկայացում», «խելագարություն» բեմադրելու և սեփական քաղաքացիներին վախեցնելու փորձերի մեջ: 

Լոս Անջելեսում ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքող ցուցարարները փակել են փողոցներ, հրավառ նյութեր կիրառել, այրել աղբամաններ և ծածանել մեքսիկական դրոշներ, ձերբակալվել է 40 մարդ, հայտնում է CNN-ը:

Սպիտակ տունը կատարվածը որակել է «ապստամբություն», նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է քաղաք մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համար:

Պնդելով, որ տեղական իշխանությունները չեն կարողացել հաղթահարել անկարգությունները՝ Թրամփը նշել է, որ դաշնային կառավարությունը «ապստամբների և թալանչիների խնդիրը կլուծի այնպես, ինչպես այն պետք է լուծվի»:

Կալիֆոռնիայի նահանգապետը քննադատել է զորքերի տեղակայումը. նահանգապետ Գևին Նյուսոմը Թրամփի քայլը որակել է «դիտավորյալ սադրանք» և ասել, որ դա միայն կսրացնի լարվածությունը:

«Սա սխալ քայլ է և կխաթարի հանրային վստահությունը», - ասել է նա: