Դոհայի վրա Իսրայելի հարձակումից հետո Պարսից ծ...

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊԾՀԽ) Համատեղ պաշտպանության խորհուրդը հինգշաբթի օրը Դոհայում արտահերթ նիստ է գումարել, որում դատապարտել է Իսրայելի հարձակումը Կատարի վրա՝ որպես ինքնիշխանության և միջազգային իրավունքի «լուրջ խախտում» և հավանություն է տվել կոլեկտիվ պաշտպանությունն ամրապնդելու անհապաղ քայլերին, հայտնում է Al Arabiya-ն։

Պաշտոնական հայտարարության մեջ Անվտանգության խորհուրդը «ամենավճռական կերպով» դատապարտել է Իսրայելի հարձակումը՝ այն անվանելով վտանգավոր սրացում և միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում։ Ընդգծվել է, որ Կատարի վրա հարձակումը՝ հարձակում է նաև ՊԾՀԽ-ի բոլոր անդամ պետությունների վրա և լիակատար աջակցություն է ցուցաբերել Դոհայի կողմից իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար ձեռնարկված միջոցներին։

Խորհուրդը զգուշացրել է, որ ագրեսիան ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար և խաթարում է Գազայում հրադադարի և իսրայելցի պատանդների ու ձերբակալվածների ազատ արձակմանը նպաստելու վերաբերյալ Կատարի դիվանագիտական ջանքերը։ Խորհուրդը հայտարարել է, որ համաձայնեցված միջոցառումների թվում կլինեն հետախուզական տվյալների փոխանակման ընդլայնումը Միացյալ ռազմական հրամանատարության միջոցով, Պարսից ծոցի երկրների օպերատիվ կենտրոնների միջև օդային իրավիճակի մասին տեղեկությունների փոխանակումն իրական ժամանակում և բալիստիկ հրթիռների մասին վաղ նախազգուշացման համակարգ ստեղծելու համար Պարսից ծոցի երկրների Միացյալ օպերատիվ խմբի աշխատանքի արագացումը։

Սա նաև կներառի կոլեկտիվ պաշտպանության ծրագրերի թարմացում՝ Գործողությունների և վարժանքների կոմիտեի հետ համակարգված, ինչպես նաև համատեղ օդային պաշտպանության և գործողությունների կենտրոնի վարժանքներ՝ հաջորդ երեք ամիսների ընթացքում, որոնց կհաջորդեն համատեղ օդային վարժանքներ իրական ժամանակում: Նախարարները շեշտել են, որ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի պետությունների անվտանգությունը անբաժանելի է՝ համաձայն Համատեղ պաշտպանության համաձայնագրի և պարտավորվել են շարունակել համակարգումը բոլոր ռազմական և հետախուզական մակարդակներում՝ տարածաշրջանում զսպումը ամրապնդելու և անվտանգությունն ապահովելու համար:

Հանդիպմանը, որը նախագահում էր Կատարի փոխվարչապետ և պաշտպանության հարցերով պետնախարար շեյխ Սաուդ բին Աբդուլռահման բին Հասան ալ Թանին, հավաքվել էին ՊԾՀԽ-ի բոլոր վեց պետությունների պաշտպանության նախարարները և բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև ՊԾՀԽ-ի գլխավոր քարտուղար Ջասիմ Մուհամեդ ալ-Բուդայվին։