
Փետրվարի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Դիլիջանի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։
Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Աշոցքի տարածաշրջանի Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի՝ Թորոսգյուղից մինչև Բավրա (կմ143-կմ173) հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով բեռնատարների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Հարգելի´ վարորդներ, հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում, Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ բուք է։ Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: