
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում::
Ինչպես տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության համար և նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում բարձրացել է նոր մակարդակի: Այդ գործում երկրի ղեկավարն ընդգծել է Մեհդի Սոբհանիի անձնական ներդրումը:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախորդ ամիս ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստան, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը:
Մեհդի Սոբհանին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը ակտիվ և արդյունավետ երկխոսության համար՝ ընդգծելով, որ գործունեության ընթացքում ներդրել է բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերի ամրապնդման համար:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար և նշել, որ հետագայում ևս կանի ամեն ինչ՝ ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների խորացման ու ամրապնդման համար:
Վարչապետ Փաշինյանը դեսպան Սոբհանիին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: