Դեսպան Քվինը կարևորել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջ...

Դեկտեմբերի 8-ին Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) ՀԿ-ն հյուրընկալել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին՝ քաղաքական ուղերձով հանդես գալու համար։ Իր ելույթում դեսպան Քվինը ներկայացրել է երկկողմ տնտեսական համագործակցությանն ու ինստիտուցիոնալ զարգացմանը խթանող ռազմավարական ուղղություններն ու առաջնահերթությունները։

Դեսպան Քվինը իր ուղերձում կարևորել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումն ու Սպիտակ տանը օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում արձանագրված առաջընթացը։ Նա ընդգծել է մասնավոր հատվածի դերը Հայաստանի տնտեսական արդիականացման մեջ և ներկայացրել է համագործակցության հնարավորությունները ամերիկյան բիզնես համայնքի հետ։

Միջոցառմանը մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ՀՀ կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչներ, դիվանագիտական ու միջազգային կազմակերպությունների պատվիրակներ։

Պաշտոնական ելույթին հաջորդել է հարց ու պատասխանի փուլը։ Ներկայացված հարցերը վերաբերում էին ներդրումների խթանմանը, երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև ոլորտային նախատեսվող համագործակցությանը։