ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը դեմոկրատների շրջանում բավականաչափ աջակցություն ունի՝ որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Այս մասին է վկայում Associated Press-ի հարցումը։ Նախընտրական շտաբից աղբյուրը հաստատել է Reuters-ին, որ Հարիսը ստացել է անհրաժեշտ մակարդակի աջակցություն: Որպես նախագահի թեկնածու հաստատվելու համար Հարիսին անհրաժեշտ էր 1976 դեմոկրատ պատվիրակի ձայն: Ըստ AP-ի թարմացված հարցման՝ նրա օգտին պատրաստ է քվեարկել 2,668 պատվիրակ։ Հարցվածներից ոչ մեկն այլ թեկնածուի անուն չի նշել։ Միևնույն ժամանակ նշվում է, որ հարցումը պաշտոնական չէ, և պատվիրակները կարող են օգոստոսին կայանալիք համագումարի ընթացքում ընտրել ցանկացած առաջարկվող թեկնածուի: Ջո Բայդենը հուլիսի 21-ին հայտարարել էր նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին՝ հավելելով, որ սատարում է փոխնախագահ Քամալա Հարիսին որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու։ Արդյունքում այս հայտարարությունից հետո առաջին 24 ժամվա ընթացքում Հարիսի շտաբը հավաքել է ռեկորդային 81 միլիոն դոլար նվիրատվություն:



