«Դեմոկրատական այլընտրանքը» չի վախենում ճշմարտ...

Իշխանության թևերից մեկի վերահսկողության տակ գտնվող կայքի հրապարակած նյութը ոչ միայն զրպարտչական ու անպարկեշտ է, այլև վկայում է իշխանության նյարդային վիճակի մասին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Նման արձագանքը մեկ բան է ապացուցում՝ թե՛ ես, թե՛ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ճիշտ քաղաքական որոշում ենք կայացրել։ 

Մեր աջակցությունն «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը եղել է գիտակցված և հաշվարկված քայլ։ Այս նախաձեռնության շուրջ ձևավորվում է նոր քաղաքական և հանրային կոնսոլիդացիա, որը բնականաբար անհանգստացնում է գործող իշխանությանը։ Եվ որքան ավելի հիստերիկ են իշխանական քարոզչամեքենայի արձագանքները, այնքան ակնհայտ է դառնում մեր դիրքորոշման ճիշտ լինելը։ 

 «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը իրականում երկար սպասված քաղաքական գործընթաց է։ Այն առաջին անգամ ստեղծում է հարթակ՝ ազգային օրակարգի շուրջ համախմբման և գործնական ծրագրային համագործակցության համար։ Մենք աջակցում ենք ոչ թե անձին, այլ գաղափարին՝ ուժեղ, համախմբված և ծրագրային Հայաստանի տեսլականին։ 

Միևնույն ժամանակ զգուշացնում եմ՝ անձնական բնույթի ցանկացած հարձակման կամ զրպարտչական փորձի դեպքում արձագանքը լինելու է չափազանց կոշտ և իրավական հիմքով։ Քաղաքական բանավեճը կարող է լինել սուր, բայց այն չպետք է վերածվի անձնական վարկաբեկման։ 

«Դեմոկրատական այլընտրանքը» պատրաստ է շարունակել իր հետևողական ուղին՝ նպաստելով առողջ քաղաքական դաշտի ձևավորմանը։ 

Այն գործընթացը, որն այսօր սկսվել է՝ անշրջելի է։ 

Հայաստանի քաղաքական իրականությունը փոխվելու է՝ ժողովրդի պահանջով և հանուն պետության շահի»,- գրել է նա: