Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ փոփոխությունները։ Վարձակալությունից ստացած եկամուտից պետությանը հարկ չվճարողների համար սահմանվել է տուգանք` գույքի արժեքի 5 %–ի չափով։
«Անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտները հարկելը հայաստանյան օրենսդրությամբ վաղուց է նախատեսված։ Բայց օրենքի այս դրույթը մինչ այժմ գործել է միայն վարձակալության պայմանագրերի կնքման դեպքում, քանի որ ֆիզիկական անձանց բանավոր գործարքների դեպքում անօրինական ձեռնարկատիրության այս տեսակը գրեթե անհնար է հայտնաբերել»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը` մեկնաբանելով թաքնված եկամուտները հայտնաբերելուն ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած օրենսդրական խստացումները։
«Վարձավճարի տեսքով եկամուտ ստանալու փաստի նկատմամբ վարչարարությունը բավական դժվար իրագործելի երևույթ է, գրեթե անհնար է։ Եվ դա բավականին բարդ է ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում։ Բոլոր երկրների հարկային մարմիններն ունեն խնդիրներ այդ տիպի եկամուտների հարկերի հավաքագրման հետ կապված, որովհետև դա դժվար վերահսկելի է»,-ասաց պաշտոնյան։
Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ փոփոխություններ։
Մասնավորապես, նախատեսվում է տուգանել վարձակալության պայմանագիր չունեցող սեփականատրերին, որոնք իրենց բնակարանների վարձակալությունից ստացած եկամուտից պետության հարկ չեն վճարում։
Տուգանքի չափերը փոքր չեն` անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 % չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի, բայց չի գերազանցի 1 մլն դրամը։



