Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին, կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ քիչ աշխատավարձերի պատճառով մարդկանց չաշխատելուն։
«Մարզային այցելությունների ու մարդկանց հետ շփումների ընթացքում, երբ հարցնում ենք՝ աշխատո՞ւմ եք, որովհետև առնվազն վիզուալ մարդն աշխատունակ է, ասում է՝ չէ, չեմ աշխատում: Ասում ենք՝ ինչո՞ւ, ասում է՝ աշխատավարձը ցածր է։ Դա ինչ-որ առումով լեգիտիմ փաստարկ է թվում, հետո ես մտածում եմ, ասում եմ՝ մի րոպե, չաշխատելու աշխատավարձը այնքան բարձր է, քան աշխատելու աշխատավա՞րձը: Կա՛մ մենք իրոք մի բան սխալ ենք անում, որ այդպես է ստացվել, կա՛մ էլ ես չեմ հասկանում»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով, կարող է լինել իրավիճակ, երբ մարդը աշխատաշուկայում մրցունակ է, իրեն անընդհատ աշխատանքներ են առաջարկում, ձեռից ձեռ են խլում և ինքը նայում է, թե ո՞վ է իրեն ամենալավ առաջարկը անում. «Դա նորմալ է, բայց երբ մարդը չի աշխատում և ասում է՝ չեմ աշխատում, որովհետև աշխատավարձը ցածր է, հարց է ծագում, մի րոպե, բայց չաշխատելու աշխատավարձը ո՞նց կարող է ավելի բարձր լինի»:
Փաշինյանը նկատեց, որ աշխատաշուկայում լինելը ցատկհարթակ է ավելի լավ աշխատանք գտնելու համար. «Մարզային այցերից տեսնում եմ, որ ընկերությունները հենց թեկուզ ուրիշ բան, որ չլինի, պետական գնումներ և պետական պատվերներ իրականացնող ընկերությունները աշխատողի կարիք ունեն։ Եվ այստեղ մենք տրամաբանական շեղումներ ունենք:
Դե եթե չաշխատելու աշխատավարձը ավելի բարձր է, էլ ի՞նչ ենք ուզում իրարից, շատ լավ։ Ուրեմն հաղթահարենք աղքատությունը չաշխատելով: Եթե աշխատելը մեզ հնարավորություն չի տալիս, որ մենք աղքատությունը հաղթահարենք, ուրեմն եկեք չաշխատելով հաղթահարենք։ Ու մնացած մեր բոլոր պրոբլեմներն էլ լուծենք չաշխատելով, ճանապարհ կառուցենք չաշխատելով, դպրոց կառուցենք չաշխատելով»,- հայտարարեց Փաշինյանը եւ կատակով հավելեց. «Հենց դա էլ իրականացնում ենք մեծ հաշվով կամ երբեմն կամ տեղ-տեղ»: