«Դդմիկ հեռացի՛ր» վանկարկումով ԿԳՄՍ նախարարության դիմաց են հավաքվել «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման անդամները։
Շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվանից սկսում են բողոքի միջոցառումների շարքը և հույս ունեն, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաժարական կտա և գոնե այս ոլորտը կկարգավորվի։
«Պահանջում ենք վերափոխվեն և նորից գրվեն բոլոր դասագրքերը՝ սկսած «Հայ գրականությունից», նաև «Հայոց պատմությունը»։ Պահանջում ենք նաև կառավարությունից հետ վերցնեն այն անհիմն որոշումը, որ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանեն։ Սա պարտիզանական պատերազմ է ընդդեմ այն իշխանության, որը դավաճանում է հայ ժողովրդին»,-ասաց նա։
Վազգեն Պետրոսյանը նշեց, որ զուգահեռաբար հայտարարում են ծաղրանկարի մրցույթ՝ դդմիկի թեմայով։



