Հայաստանի նախկին պաշտպանության նախարար, այժմ կալանավոր Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 22-ին, «Մեդիամաքսին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանում անհրաժեշտ է անցկացնել նոր ընտրություններ։ Ըստ Տոնոյանի քաղաքացիները հնարավոր ընտրությամբ պետք է ընտրեն Հայաստանի աշխարհաքաղաքական վոկտորը։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեման, եթե ավելի հստակ լինենք, հայաստանյան քաղաքական դաշտում արդեն բավական ժամանակ է, որ որպես թեմա շրջանառվում է։ Նշենք, որ մամուլում նաեւ հրապարակումներ էին հայտնվել, որ քաղաքացիների շրջանում նույնիսկ հեռախոսային սոցհարցումներ են փորձել անցկացնել, պարզելու համար ներկա պահին առկա քաղաքական տրամադրությունները։ «Հրապարակն» էլ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է սպառնացել խորհրդարանական ընդդիմությանը արտահերթ ընտրություններով, նշելով, որ «այնքան են անելու, մինչեւ նոր ընտրություններ անցկացվի եւ խորհրդարանական ընդդիմադիր կազմը փոխվի»։ Այս ամենը եթե համադրում ենք Հայաստանում ներկայումս առկա, իշխանությունների կամ նրանց հետ կապված ուժերի կողմից թեժացվող հակառուսական ալիքի եւ վերջերս Բրյուսելում տեղի ունեցած երկու հարյուր հոգանոց ֆորումի հետ, որտեղ Հայաստանից ներկա էր ամենավերջին քարոզչից մինչեւ ԱԽ քարտուղարը, իսկ ԱՄՆ կոնգրեսականներն էլ հանդիպել էին մի քանի օր առաջ ԱԺԲ ղեկավար կազմի հետ, ինչ որ հետաքրքիր «փազըլ» է ստացվում, որը որոշակի տրամաբանական շղթայով լրացվում է մինչեւ շղթայի վերջին օղակը։
Ինչի մասին է խոսքը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որի մասին խոսում է բաց տեքստով Արեւմուտքի հետ հայտնի կապեր ունեցող Դավիթ Տոնոյանը, ըստ ամենայնի ծառայելու է ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը, որքան նրան, որ խորհրդարանում մեծամասնություն դառնան արեւմտամետ ուժերը, որպեսզի Հայաստանի «պոկումը» Ռուսաստանից հասցվի իր տրամաբանական ավարտին եւ արդեն ոչ թե խոսակցությունների մակարդակում, այլ գործնականում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխվի։ Սա հնարավորսցենար է ներկայիս անընդհատ թեժ պահվող հակառուսական հիստերիայի պայմաններում, որոնք որոշակի ազդեցություն ունենում են հասարակական տրամադրությունների վրա։ Արեւմուտքի ծրագիրը հենց սա է՝ հասնել Հայաստանում ընտրություններով ձեւավորված քաղաքական մի իրականության, որը կիրականացնի Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության փոփոխությունը։
Նիկոլ Փաշինյանի համար սա ձեռնտու տարբերակ է, որովհետեւ եթե Արեւմուտքի պլանն իրականանա եւ վերջում տեղի ունենա աղետ որ հայկական պետականությունը վերջնականապես ոչնչանա, Փաշինյանից «հարցուպատասխան» չի լինի, որովհետեւ առանց վարանելու կարելի է ասել, որ դա ժողովրդի ընտրությունն է եղել եւ բոլորը մեղավոր են, ըստ իր «խասյաթի», բացի իրենից։
Սակայն եթե ամեն դեպքում Հայաստանում գործող ռուսամետ ուժերը կարողանան այս աղետալի ընթացքի «դեմն առնել», ապա Փաշինյանն էլի կհայտարարի արդեն Արեւմուտքին, թե ամեն բան, որ հնարավոր էր, արել է ինքը, սակայն ժողովուրդն այդ կերպ է իր ընտրությունը կատարել։ Այս ամենը նկատի ունենալով, արդեն այժմվանից պետք է նկատի ունենալ, որ եթե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, ապա դա կլինի ոչ թե հանուն Փաշինյանի վերարտադրության կամ իշխանության պահպանման, այլ հանուն Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության, որը կավարտվի ամենայն հավանականությամբ՝ Հայաստանի համար աղետով։
Հ․Գ․ Հետաքրքիր է, որ Արևմուտքի պլանը, Փաշինյանի նոր առաջադրանքը առաջինը բարձրաձայնում է բանտում գտնվող Դավիթ Տոնոյանը, ով ևս կապվում է արևմտյան թևի հետ։ Սա ըստ էության Տոնոյանի համար դառնալու է դաշտում նոր դերակատարում ստանձնելու և ազատության մեջ հայտնվելու միջոց։