Դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահ...

Նոյեմբերի 1-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Բարձրագույն դատական խորհուրդից հայտնում են, որ, ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:

Նիստի ընթացքում դատավորի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը Խորհրդին միջնորդել է գործի վարույթը կարճել:

Արդարադատության նախարարությանը միջնորդության վերաբերյալ տեսակետ հայտնելու հնարավորություն տալու համար այսօրվա դատական նիստը հետաձգվեց։

Այն կշարունակվի նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին:

Փաստինֆո-ն գրում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ ՀՀ արդարադատության նախարարությունը վարույթ է հարուցվել՝ Փաշինյանների փաստաբան Գևորգ Գյոզալյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։