Դատավոր Արմինե Սաֆարյանը հրաժարականի դիմում է...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին  տեղեկանում ենք ԲԴԽ կայքից։

«Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Գևորգի Սաֆարյանի կողմից 2025 թվականի նոյեմբերի 7-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով`

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝

2025 թվականի նոյեմբերի 10-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Գևորգի Սաֆարյանի լիազորությունները համարել դադարած»,–ասված է ԲԴԽ նախագահի որոշման մեջ։

Նշենք, որ Արմինե Սաֆարյանի վերաբերյալ ԲԴԽ-ում  կարգապահական վարույթ կար, որի հետ կապված դեռևս որոշում չէր կայացվել։ Մինչ այս վարույթը Սաֆարյանի վերաբերյալ մեկ այլ վարույթ է եղել, որի շրջանակում նա կարգապահական պատասխանատվության է ենթարկվել։