Դատախազությունը պահանջում է Ծակքար համայնքի ն...

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Ինչպես տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Աղվանի Ավետիսյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

5 անշարժ գույք՝ Գեղարքունիքի մարզում.

1 շարժական գույք.

1 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլարի 1 փոխառության պահանջի իրավունք.

137 միլիոն 935 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.

189 միլիոն 821 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2006-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը: