Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի...

ՀՀ դատախազությունն ընթացք է տվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ներկայացրած հաղորդմանը՝ «88» սուպերմարկետների ցանցի շուրջ հնչած հնարավոր իրավախախտումների մասին։ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացրին.

«ՀՀ վարչապետի տիկնոջ կողմից ՀՀ գլխավոր դատախազի անունով ստացված հաղորդումը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»։

Ավելի վաղ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հերքել էր «88» սուպերմարկետների հետ կապի մասին պնդումները և հայտնել, որ իր անունից տարբեր անձանց նկատմամբ հնարավոր ճնշումների վերաբերյալ ահազանգերը փոխանցել է դատախազություն՝ քննություն սկսելու նպատակով։

«Ակնկալում եմ, որ «88» սուպերմարկետների ցանցի գործունեությունը, տարածքների վարձակալության պայմանները, դրանցում հարկադրանքի, սպառնալիքի կամ հակաօրինական տարրերի մասին խոսակցությունները կհետաքննվեն և հանրությանը կտրվեն պարզաբանումներ»,- գրել էր նա՝ կոչ անելով տուժողներին հրապարակայնորեն հանդես գալ և դիմել իրավապահ մարմիններին։

Հայտարարությունից հետո «88» սուպերմարկետների ցանցը հրապարակեց պաշտոնական պարզաբանում՝ ընդգծելով, որ ընկերությունը մասնավոր բիզնես է և որևէ առնչություն չի ունեցել կամ չունի պետական պաշտոնյաների ընտանիքների հետ։

«Երկար ժամանակ շրջանառվող այդ խոսակցությունները որևէ իրական հիմք չեն ունեցել, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն տեղեկացրել ենք, իսկ վերջերս 88 Սուպերմարկետների սեփականատեր Նարեկ Նալբանդյանը նաև տվել է բաց ու ուղիղ հարցազրույց, որտեղ ևս մեկ անգամ ներկայացրել է բոլոր փաստերը՝ հերքելով ստահոդ տեղեկությունները»,-նշված է հայտարարության մեջ։

Ընկերությունը նաև նշել է, որ պատրաստվում է հետևողականորեն արձագանքել ապատեղեկատվության և ստահոդ լուրերի տարածմանը՝ ապահովելու, որ իր գործարար համբավին և աշխատանքով ձեռք բերված վստահությանը վնասող ցանկացած կեղծ տեղեկություն դառնա իրավական քննության առարկա։