2001թ.-ին Պողոս Պողոսյանի սպանության բրիտանացի ականատես Սթիվեն Նյուտոնի հայտարարություններն ուսումնասիրվում են: Այս մասին Politik.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Փորձեցինք ճշտել նաև՝ Սթիվեն Նյուտը հարցաքննվե՞լ է, սակայն Խաչատրյանը նշեց, որ այս պահին այլ մանրամասներ հաղորդել չի կարող:
Վրաստանի 43-ամյա քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությանը 18 տարի առաջ ականատես եղած Սթիվեն Նյուտոնը Հայաստանում է և պատրաստ է դատարանում կրկնել այն ցուցմունքը, որը 2001 թվականին դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահած դատարանը որոշեց հաշվի չառնել՝ հիմնավորմամբ, թե այն անգլերեն էր։
Գործով հիմնական վկա համարվող Մեծ Բրիտանիայի քաղաքացին ասում է՝ տեսել է, թե ինչպես է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին՝ այդ օրը սրճարան եկած Շառլ Ազնավուրին և Ռոբերտ Քոչարյանին մոտենալու և «պրիվետ, Ռոբ» ասելու համար:



