Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախաձեռնությամբ դատախազներն ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչները հուլիսի 21-ին հանդիպել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել խոսքի ազատության և ատելության խոսքի ինստիտուտների սահմանազատմանը՝ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի, չափորոշիչների և փիլիսոփայության համատեքստում:
Ըստ աղբյուրի՝ հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են վերոնշյալ ինստիտուտների վերաբերյալ ՄԻԵԴ իրավաբանության մեջ ամրագրված կայուն նախադեպային մոտեցումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել իրավունքի չարաշահման համատեքստում խոսքի ազատության մեկնաբանության առանձնահատկություններին:
Նշվում է, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ: