Դատախազ լինես, թե պատգամավոր, կա տղամարդ տեսա...

Ի տարբերություն իմ ընկեր գնդապետի, ես ի սկզբանե գիտեի, որ սա շինծու գործ է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան պայքար» շարժման գործով ամբաստանյալ, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։

«Ես առաջին օրից եղել եմ Սրբազանի կողքին, և մենք հակապետական և հակաօրինական ոչինչ չենք կազմակերպել։ Բնականաբար, նույն շոուն է, որը 2021 թվին կազմակերպվել է, ձեռագիրը չի փոխվել, դա պետական պատվեր է, քաղաքական պատվեր է։ Հանրային մեղադրողներին, ես անկեղծ չեմ մեղադրում, ամեն մարդ ինքն է որոշում իր արարքների և Աստծու առաջ պատասխան տալու, որովհետև բոլորը, դատախազ լինի, պատգամավոր լինի, բոլորս պատասխանատու ենք Աստծո առաջ։

Իրենք են որոշել իրենց ճանապարհը, և այդ գործը տարել են առաջ, պարգևատրվել են Մխիթար Գոշով, վարչության պետ են ստացել, որի համար էլի ուրախ ենք, շնորհավորում ենք։ Դա էլ իրենք են որոշել։

Բայց անկախ այս ամեն ինչից մի հատ կարևոր բան կա. դատախազ լինես, պատգամավոր լինես, կա տղամարդ տեսակ։ Հիմա գործով կա 18 հոգի, պիտի կալանավորվեն, Ազգային ժողովի բարձր ամբիոնից էն օրը հայտարարեցին, որ այ, որ իրենք լինեին, խաղաղության պայմանագիրը չէր ստորագրվի, մենք կխանգարեինք։ Հիմա խաղաղության պայմանագիրն էլ կա, բայց խնդիրը նա է, որ մեղադրյալների մեջ կա կին՝ Լիդիա Մանթաշյանը։ Ես զարմանում եմ, Լիդիա Մանթաշյանի մեղադրանքը կարդալուց հետո իրենք ո՞նց են գնացել իրանց տուն և նայել իրենց կանանց աչքերին։ Գոնե հիմա կամք ունենան, միգուցե իրենց որոշումը փոխվի»,–ասաց նա։

Արթուր Սարգսյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մեղադրող քննիչը, քննչական խմբի ղեկավարը, որը ևս ստացել էր Մխիթար Գոշ, հիմա գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում»։

Ըստ մեղադրական եզրակացության, Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։