Դանիայի վարչապետն ընդունել է Հայաստան այցելել...

Աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: 

Ինչպես հայտնում  է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: 

Մետտե Ֆրեդերիկսենը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Կոպենհագեն և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ: 

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և կարևորել կապերի զարգացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: 

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Կարևորվել է նաև բազմակողմ հարթակներում շարունակական համագործակցությունը: 

Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը: Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: 

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: 

Նիկոլ Փաշինյանը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Տիկին Ֆրեդերիկսենը հրավերը սիրով ընդունել է: