Երեւան- Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24–ին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։ Այս մասին հայտնեցին ՔԿ–ից։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։
Ավելի վաղ հայտնի էր, որ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները։ Նրանք 7, 10 և 13 տարեկան են ու «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ըստ Առողջապահության նախարարության, տուժել է 5 երեխա, նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ավելի ուշ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է։



