Վարորդների գերակշիռ մասը հեռացել է, մնացել են մի քանիսը,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով ներքաղաքային երթուղու վարորդների բողոքի ակցիային: Վերջիններս գործադուլ են իրականացնում՝ պատճառաբանելվ ավտոգազ բարձ գինն ու դրան անհամապատասխան որակը: Նշենք, որ մոտ երկու շաբաթ առաջ էլ նույն հարցով բողոքի ակցիա էին իրականացնում տաքսիների վարորդները: Այդ ժամանակ էլ մեզ հետ զրույցում քաղաքապետ Ասլանյանը նշել էր, որ լսել են վարորդների բողոքներն ու լուծման տարբերակներ են քննարկում: Այսօր Վանաձորի քաղաքապետը նշեց՝ հարցը քննարկվել է նաև կառավարությունում, դեռևս հստակ պատասխան չկա:
«Սա ավելի շատ շուկայական հարաբերության խնդիր է, քան համայնքի կամ մարզպետարանի: Ցուցարարներն, իհարկե, մեր քաղաքացիներն են, իջնում, իրենց բողոքը լսում, քննարկում ենք, բայց, ըստ էության, խնդիրը մերը չէ: Դա մեր գործառույթների մեջ չի մտնում, բայց ակցիայի մասնակիցներին խոստացել ենք, որ խնդիրը կուսումնասիերնք և կփորձենք հասկանալ՝ ինչ հնարավոր լուծումներ կան»,-նշեց Մամիկոն Ասլանյանը:
Վերջինս ընդգծեց՝ վարորդների բողոքները բազմաշերտ են՝ սկսած գազի գնից, վերջացրած որակով ու գազի խտությամբ.«Բողոքը մեր կամ մարզպետարանի դեմ չէ ուղղված, բոլորի համար էլ հասկանալի է, որ մենք գազի գնի կամ որակի վրա ազդեցություն ունենալ չենք կարող»,-ասաց Ասլանյանը՝ հավելելով, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ևս ցանկանում էր մասնակցել վարորդների հետ հանդիպմանը, սակայն քաղաքում չի եղել:



