COP-29 համաժողովը տեղի է ունենում մի երկրում,...

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով COP29 կոնֆերանսը տեղի է ունենում մի երկրում, որը հայտնի է իր կոռուպցիոն սկանդալներով, խավիարային դիվանագիտությամբ և միջազգային մարդասիրական իրավունքի համատարած խախտումներով: Այս մասին նոյեմբերի 12-ին հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Ազգային ժողովի նիստում՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների թեմայով քննարկումների ժամանակ։

Նրա խոսքով, Բաքուն ամեն կերպ փորձում է մաքրել իր արատավոր հեղինակությունը։ «Այսօր ցեղասպանություն իրականացրած միջազգային հանցագործն ու մարդասպանը փորձում է մաքրել իր դեմքը, և մենք՝ որպես կատարված հանցագործության ցավը կրող ժողովուրդ, պարտավոր ենք մեր պահանջները ներկայացնել միջազգային հանրության առաջ»,- ասաց Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանում գործող քաղաքական ռեժիմը շարունակում է սպառնալ հայ ժողովրդին և հայկական պետականությանը, առանց արտահայտությունների մեջ ամաչելու։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 12-ի նիստում չընդունեց «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը ներկայացվել էր հրատապ քննարկման շրջանակներում։ Հայտարարության նախագիծը պատրաստել է խորհրդարանական ընդդիմությունը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, որը խորհրդարանում վստահ մեծամասնություն ունի, չի մասնակցել քվեարկությանը։ Այսպիսով, այն, ըստ էության, տապալեց, հայտարարության նախագծի քվեարկությունը։ Ազգային ժողովի հայտարարության նախագծին կողմ է արտահայտվել ընդամենը 30 ընդդիմադիր պատգամավոր։