ՉԺՀ պետական մարմինները և պաշտոնական լրատվամիջ...

Չինաստանի իշխանությունները հնարավոր է փոխած լինեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի անվան չինարեն ուղղագրությունը, որպեսզի նա կարողանա այցելել Պեկին՝ չնայած նրա դեմ սահմանված անհատական պատժամիջոցներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին։

Ինչպես հիշեցնում է գործակալությունը, Չինաստանի իշխանությունները երկու անգամ պատժամիջոցներ են սահմանել Ռուբիոյի դեմ, երբ նա դեռ սենատոր էր։ 2025 թվականից, երբ Ռուբիոն դարձավ պետքարտուղար, ՉԺՀ պետական մարմինները և պաշտոնական լրատվամիջոցները փոխել են նրա անվան չինարեն գրության հիերոգլիֆներից մեկը։ Գործակալության զրուցակիցների կարծիքով՝ երկրի իշխանությունները նման քայլի են դիմել, որպեսզի հնարավորություն ունենան չկիրառել պատժամիջոցները Ռուբիոյի նկատմամբ, քանի որ պատժամիջոցների ցուցակներում նրա անունը այլ կերպ է գրված։

Վաշինգտոնում ՉԺՀ դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենյուին գործակալությանը միայն հայտարարել է, որ Ռուբիոյի դեմ պատժամիջոցները սահմանվել են այն խոսքերի և գործողությունների համար, որոնք առնչություն են ունեցել Չինաստանին և կատարվել են նրա սենատոր եղած ժամանակահատվածում։

Հիշեցնենք, որ Ռուբիոն ուղեկցում էԴոնալդ Թրամփին, ով պետական այցով մեկնել է Չինաստան։ Ուղևորությունը կտևի մայիսի 13-ից 15-ը։