«Հույս ունենք, որ կկայացնեն արդար ու ճնշումներից անկախ որոշում: Իսկ հետագայում փաստաբանական թիմը շատ կոնկրետ կներկայացնի մեր անելիքները, դեռ բողոքներ ունենք՝ ներկայացված եվրոպական դատարան, կա երկրորդ բողոքը, որ ՍԴ-ն ուղարկել էր Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ՝ կարծիք ստանալու համար, և դրանից հետո պետք է այստեղ սպասենք համապատասխան որոշման»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ մինչ ՍԴ որոշումը:
Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե կարծիքներ են հնչել, որ «Իմ քայլը» խմբակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամբողջ գիշեր քննարկել են և փորձել են տարբերակներ գտնել, որպեսզի այսօր ՍԴ-ն իրենց ցանկալի որոշում կայացնի, Լևոն Քոչարյանն ասաց, որ այդ մասին լրագրողից է լսում.
«Չեմ բացառում, իհարկե: Իսկ եթե եղել են նման քննարկումներ, եթե եղել են ճնշման նման փորձեր, ինձ թվում է այսօր արդեն որոշումը հրապարակելուց հետո պարզ կլինի, թե ինչքանով են արդյունավետ եղել այդ ճնշումները»:
Անդրադառնալով հարցին՝ դատարանները կարո՞ղ են արդարացի որոշումներ կայացնել, Լևոն Քոչարյանն ասաց.
«Շատ կարևոր է կոնկրետ դատավորի դերը, ներքին անկախությունը, թե ինքը որոշում կայացնելիս ինչով է առաջնորդվում: Գաղտնիք չէ, որ կա հսկայական ճնշում դատական համակարգի վրա, ու, առավել կոնկրետ, երբ հարցը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Մենք դրա ականատեսը եղանք տարբեր գործերով: Ճնշումը կա միանշանակ, հարցի մյուս կողմն է՝ այդ դատավորը ենթարկվու՞մ է ճնշումներին, դրանք իր վրա ազդեցություն ունենում են, թե՞ ինքը գործում է իր խղճի և օրենքի շրջանակներում»:



