Չկա որեւէ հնարավորություն որ ռուսական գազը կն...

Եվրամիությունը Մոսկվայի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթն է պատրաստում, սակայն արդեն պարզ է, որ այն չի սահմանափակի ռուսական գազի ներկրումը, Reuters-ին ասել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։

Նրա խոսքով՝ պատժամիջոցների հերթական փաթեթը նախատեսում է ոսկու ներկրման արգելք, երկակի նշանակության ապրանքների ցանկի ընդլայնում, որոնց արտահանումը Ռուսաստան արգելված է, եւ դա կազդի Ռուսաստանի ավելի շատ քաղաքացիների վրա։

Եվրահանձնաժողովը պետք է փաթեթը ներկայացնի մոտ օրերս, եւ անդամ երկրները կարող են այն հաստատել անմիջապես դրանից հետո, ասել է Ֆիալան։ «Յոթերորդ փաթեթը պատրաստվում է, եւ, կարծում եմ, դա լավ կուրս է։ Անկասկած, խնդրահարույց է էներգիան պատժամիջոցների մեջ ներառելը, քանի որ պետք է պահպանվի այն կանոնը, որ պատժամիջոցները պետք է ավելի մեծ ազդեցություն ունենան Ռուսաստանի վրա, քան պատժամիջոցներ կիրառող երկրների վրա»։

Նրա խոսքով, չկա որեւէ շանս, որ ռուսական գազը կներառվի պատժամիջոցների այս փաթեթում։ «Կարծում եմ, որ այն այնտեղ չպետք է լինի, քանի որ մի շարք երկրներ կախված են ռուսական գազից»,- ասել է նա։

Չեխիան, որը հուլիսի 1-ին ստանձնել է ԵՄ-ի վեցամսյա նախագահությունը, այն երկրներից է, որը կախված է Ռուսաստանից։

Ֆիալան ասել է, որ չեխերն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի նվազեցնեն իրենց կախվածությունը ռուսական էներգիայից, «սակայն դա տեղի չի ունենա այս ձմռանը»:

Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է պատրաստ լինի նրան, որ «Հյուսիսային հոսք 1»-ից հոսքերը չեն վերսկսվի, եւ նա կսկսի փնտրել գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ, ինչպիսին ՀԲԳ-ն է, եւ պատրաստ լինի մատակարարումները կիսել անդամ երկրների միջեւ։

Եվս մեկ գաղափար, որը նա պաշտպանում է, Եվրոպայում գազի համատեղ գնումներ սկսելն է, սակայն Ֆիալան զգուշացրել է, որ դա դեռ դժվար է ինչպես տեխնիկական, այնպես էլ վարչական տեսանկյունից։