Չկա Հայաստանի չորրորդ հանրապետություն, դա իրա...

Չկա Հայաստանի չորրորդ հանրապետություն: Դա իրականում կեղծ կատեգորիա է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«1991թ-ից աշխարհը ճանաչել և ճանաչում է Հայաստանի երրորդ հանրապետությունը՝ իր հռչակման, ձևավորման, կայացման ու զարգացման բոլոր էտապներով: Իր հաղթանակներով ու պարտություններով, իր արցախյան հարցով, միջազգային իրավունքներով, անվտանգության, խաղաղության, կայունության ու բազմակողմ համագործակցության իր ազնիվ մղումներով:

Իր հերոսների ու նահատակների սխրանքների առջև խոնարհումով, իր ցեղասպանված նախնիների հիշատակի համար արդար պահանջով, իր ազգային սուրբ եկեղեցով ու լեզվամշակութային դիմագծերով, իր աշխարհասփյուռ ժողովրդի համար հայրենիք լինելով...

Սա է երրորդ հանրապետությունը, որը 35-ամյա իր ձեռքբերումբերով ու թերացումներով հանդերձ՝ եղել է, կա ու հարատևելու է:

Իսկ, չորրորդ հանրապետության մասին զրույցները միֆ են, հորինվածք, երևակայան ու չարդարացված քարոզչական հնարք:

Աստված մի արասցե, որ երբևէ գա մի իրավիճակ, որտեղ սերունդները, օտարի տիրապետության տակ, սկսեն երազել հերթական նոր հանրապետության մասին:

Աստված պահի դե յուրե և դե ֆակտո կայացած Հայաստանի երրորդ Հանրապետությունը»,- նշել է նա: