Չինաստանի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ամերիկյան 7 ռազմարդյունաբերական ընկերությունների և նրանց ղեկավարության դեմ՝ Թայվան կղզին զենք մատակարարելու համար։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
Ինչպես նշվում է Չինաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, այս միջոցներն ուժի մեջ են մտնում դեկտեմբերի 27-ից և ուղղված են Insitu, Hudson Technologies, Saronic Technologies, Raytheon Canada, Raytheon Australia, Aerkomm և Oceaneering International ընկերություններին։ Պատժամիջոցները ներառում են Չինաստանում Միացյալ Նահանգների համապատասխան ընկերությունների և անհատների անշարժ գույքի և այլ ակտիվների սառեցում: Բացի այդ, նրանք արգելում են չինական կազմակերպություններին և անհատներին նրանց հետ որևէ գործարք, համագործակցություն կամ փոխգործակցության այլ ձևեր իրականացնել:
«Վերջերս Միացյալ Նահանգները կրկին հայտարարեց զենքի տեսքով մեծ օգնություն տրամադրելու, ինչպես նաև Չինաստանի Թայվան շրջանին զենք վաճառելու մասին»,- մեկնաբանել են ԱԳՆ-ից։ Ինչպես նշվում է, Միացյալ Նահանգների 2025 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը «պարունակում է մի շարք բացասական դրույթներ ՉԺՀ-ի վերաբերյալ, որոնք լրջորեն խախտում են «մեկ Չինաստան» սկզբունքը»։
«Սա լուրջ միջամտություն է մեր երկրի ներքին գործերին՝ լրջորեն խարխլելով նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,– ասվում է ուղերձում։



