Չինաստանը մահապատժի է ենթարկել 4 կանադացու՝ թ...

Չինաստանի իշխանությունները մահապատժի են ենթարկել չորս կանադացու։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին՝ պարզաբանելով, որ մահապատիժները տեղի են ունեցել մի քանի ամիս առաջ, սակայն դրանց մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Սովորաբար Չինաստանում մահապատիժն իրականացվում է հրազենով կամ ավելի հազվադեպ՝ մահացու ներարկումով, գրում է  Bild-ը:

Չինական կողմի տվյալներով՝ կանադացիները մահապատժի են ենթարկվել թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար։ Նրանք բոլորն ունեին երկքաղաքացիություն՝ կանադական և չինական։ Սակայն Պեկինը չի ճանաչում երկքաղաքացիությունը, ինչը հիմք է դարձել ներումից հրաժարվելու համար։

«Մենք խստորեն դատապարտում ենք այդ մահապատիժները», - ասել է Ժոլին՝ հավելելով, որ ինքն անձամբ խնդրել էր Չինաստանի իշխանություններին մեղմացնել պատիժը:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը արդարացրել է մահապատժի դատավճիռները՝ ասելով, որ դրանք կատարվել են օրենքին համապատասխան։ ԱԳՆ խոսնակ Մաո Նինգն ընդգծել է, որ Չինաստանի դատական ​​համակարգը «բոլոր ազգությունների մեղադրյալներին հավասար է վերաբերվում» և գործերը վարում «խիստ և արդարացիորեն»։ Մահապատժի ենթարկվածների ինքնությունը չի բացահայտվում նրանց ընտանիքների խնդրանքով։

Չինաստանում օտարերկրյա քաղաքացիների մահապատիժները հազվադեպ են, սակայն մահապատիժների թվով երկիրը շարունակում է մնալ համաշխարհային առաջատարը։ Սակայն ստույգ տվյալները չեն հրապարակվում: