Չինաստանը և Հնդկաստանը պարտավորվել են խաղաղու...

Չինաստանի և Հնդկաստանի հրամանատարությունները օգոստոսի 14-ին և 15-ին տեղի ունեցած բանակցությունների 19-րդ փուլի արդյունքներով խոստացել են պահպանել խաղաղությունն ու անդորրը երկրների միջև Փաստական վերահսկողության գծում: Ինչպես տեղեկանում ենք «Интерфакс»-ից, այս մասին հաղորդել է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունը։

Փաստական վերահսկողության գիծը երկրների դե ֆակտո սահմանն է, այն իրավաբանորեն ճանաչված է Չինաստանի և Հնդկաստանի միջև կնքված համաձայնագրերում։

Բացի այդ, կողմերը համաձայնության են եկել վիճելի հարցերը  ամենակարճ ժամկետներում լուծելու և «ռազմական ու դիվանագիտական ​​ուղիներով երկխոսության ու բանակցությունների դինամիկան պահպանելու անհրաժեշտության» շուրջ։

Հուլիսի վերջին Հնդկաստանը դատապարտել էր Չինաստանին, որն առաջվա պես հատուկ այցագրեր է տալիս Հնդկաստանի հյուսիսարևելյան Արունաչալ Փրադեշ նահանգի բնակիչներին: Նահանգը ձևավորվել է 1962 թ. չին-հնդկական սահմանային հակամարտությունից հետո:

Չինաստանը Արունաչալ Փրադեշը համարում է հարավային Տիբեթի՝ իր կազմի մեջ մտնող տարածքների մի մասը՝ հավակնելով նահանգում 90 հազար քառ. կմ-ի:

Իր հերթին Հնդկաստանը 1960-ականներից վիճարկում է ՉԺՀ-ի վերահսկողությունն Ակսայչինի նկատմամբ, որը գտնվում է Չինաստանի, Հնդկաստանի և Պակիստանի սահմանագծում: Հնդկաստանն այն ընդգրկում է Լադաքի տարածաշրջանի մեջ։

Լադաքի շրջանում իրավիճակը սկսել է սրվել 2020 թ. մայիսին` չինացի և հնդիկ զինվորականների միջև բախումներով։