ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի գծով օգնական Ջեյք Սալիվանի Չինաստան կատարած այցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ղեկավարների առաջիկա շփումները։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Ռազմավարական երկխոսության ընթացքում կողմերը քննարկել են առաջիկայում երկու պետությունների ղեկավարների փոխգործակցության նոր փուլը»,- տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Լին Ցզյանը չի մեկնաբանել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անձնական հանդիպման հնարավորությունը մինչեւ նոյեմբերին նախատեսված ԱՄՆ նախագահական ընտրությունները։
Սալիվանը երեքշաբթի-չորեքշաբթի բանակցություններ է վարել Վան Իի հետ, ինչպես նաեւ հանդիպել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Չժան Յուսյայի հետ։ Ինչպես նշվել է հայտարարությունում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Սալիվանը եւ Վան Ին հանդիպման ժամանակ քննարկել են առաջիկա շաբաթներին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջեւ հեռախոսազրույցի անցկացման պլանները։



