ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Թայվանը զինելը ու Չինաստանի ներքին գործերին միջամտելը։ Այս մասին ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը՝ ի պատասխան ТАСС-ի խնդրանքին՝ մեկնաբանելու Թայվանին զենք մատակարարելու ԱՄՆ ծրագրերը՝ Կալիֆոռնիայում Չինաստանի և ԱՄՆ ղեկավարների միջև բանակցություններից հետո։
«Թայվանի հարցը միշտ եղել է չին-ամերիկյան հարաբերությունների ամենակարևոր և զգայուն հարցը», - նշել է Մաո Նինգը: «Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի զինել Թայվանը, դադարեցնի միջամտությունը Չինաստանի ներքին գործերին և աջակցի Չինաստանի խաղաղ վերամիավորմանը»:
Ավելի վաղ, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 15-ին կայացած հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին տեղեկացրել է Թայվանին զենք մատակարարել շարունակելու՝ Վաշինգտոնի մտադրության մասին։ Քիրբին նշել է, որ զենքի շարունակական մատակարարումը պայմանավորված է Թայվանին ինքնապաշտպանական հնարավորություններ տրամադրելու ԱՄՆ ցանկությամբ։