Չինաստանն ու Թուրքիան կոչ են անում երկխոսությ...

Աֆղանստանի և Պակիստանի միջև բազմաթիվ զոհերի պատճառ դարձած բախումների ֆոնին Չինաստանն ու Թուրքիան ընդգծել են երկխոսության և կայունության կարևորությունը։

Ինչպես տեղեկանում է BBC-ից, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պեկինը խորապես մտահոգված է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին լարվածության սրացմամբ։ Չինաստանը կոչ  է արել երկու կողմերին կարգավորել տարաձայնություններն ու վեճերը երկխոսության և բանակցությունների միջոցով։

«Չինաստանն իր սեփական ուղիներով աշխատում է հակամարտության միջնորդության ուղղությամբ և պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ երկկողմ կապերի լիցքաթափման և բարելավման գործում։ Որպես հարևան և բարեկամ՝ Չինաստանը խորապես մտահոգված է սրացմամբ և վշտացած է հակամարտության հետևանքով զոհերի համար»,- ասել է ԱԳ նախարարության խոսնակ Մաո Նինը։

Նա հավելել է, որ «ցանկացած սրացում վնաս և կորուստներ կպատճառի երկու կողմերին էլ»։

Հայտարարության մեջ նշվել է, որ թշնամանքի դադարեցումը «բխում է երկու երկրների և ժողովուրդների հիմնարար շահերից և կարող է օգնել պահպանել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»։

Թուրքիան ևս արձագանքել է ստեղծված իրադրությանը։ Երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի իր գործընկեր Իսհաք Դարի հետ։ Վերջինս նշել է, որ պակիստանյան ուժերն արձագանքել են «աֆղանական ագրեսիային»։

«Երկու առաջնորդներն էլ ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը և համաձայնել են սերտորեն ներգրավված մնալ իրադարձությունների զարգացման ընթացքում», - նշել է Պակիստանի ԱԳ նախարարությունը X-ում գրառման մեջ։

Ավելի վաղ Դարը նմանատիպ զրույց էր ունեցել Սաուդյան Արաբիայի իր գործընկեր Ֆեյսալ բին Ֆարհան աս-Սաուդի հետ։

Աֆղանստանի ազգային հեռուստատեսությունը հաղորդել է, որ Պակտիկայի նահանգում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ կին և երկու դպրոցական երեխա։ Հաղորդագրությունում նշվում է, որ ևս յոթ մարդ վիրավորվել է բնակելի տան վրա ռումբի ընկնելուց հետո։

AFP լրատվական գործակալությունը հաղորդել է, որ փետրվարի 27-ին ավելի վաղ Աֆղանստանի և Պակիստանի միջև գտնվող խոշոր սահմանային անցակետում լսվել են կրակոցներ և հրետակոծություններ։

Ավելի վաղ Պակիստանից հայտնել են, որ իրենց գործողությունների ընթացքում սպանվել է 133 թալիբ զինյալ։ Իսկ Աֆղանստանը հայտնել է պակիստանցի 55 զինվորի սպանելու մասին։

Իսլամաբադը պնդում է, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանում հարձակումներ իրականացնող զինյալների։ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը հերքել է այս մեղադրանքները՝ նշելով, որ Պակիստանի անվտանգությունը նրանց ներքին խնդիրն է։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Աֆղանստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորմանը։