Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Իսրայելին անհապաղ...

Չինաստանի իշխանություններն Իսրայելից պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում՝ խուսափելու արդեն իսկ լուրջ հումանիտար ճգնաժամի սրումից: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Մենք պնդում ենք, որ Իսրայելը լսի միջազգային հանրության վճռական կոչերը և անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունը Գազայում, հնարավորինս շուտ հասնի համապարփակ և կայուն հրադադարի՝ խուսափելու էլ ավելի լուրջ հումանիտար ճգնաժամից», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ։

Ինչպես պարզաբանել է չինացի դիվանագետը, Պեկինը հույս ունի, որ բոլոր շահագրգիռ կողմերն առաջնահերթ ուշադրություն կհատկացնեն տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը, «կառուցողական դեր կխաղան լարվածության նվազեցման գործում»։

«Չինաստանը վճռականորեն դեմ է էսկալացմանը՝ կապված Գազայում Իսրայելի ռազմական գործողության հետ։ Մենք դատապարտում ենք բոլոր այն գործողությունները, որոնք վնաս են հասցնում քաղաքացիական բնակչությանը և խախտում միջազգային իրավունքը. լուրջ մտահոգություն ենք հայտնում լարվածության սրման առնչությամբ և դեմ ենք այն բանին, որ համապատասխան կողմը բորբոքի հակամարտությունը», - եզրափակել է նա։

Սեպտեմբերի 16-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է Գազա քաղաքում Իսրայելի զինված ուժերի ինտենսիվ հարձակողական գործողության մեկնարկը։ Գործողության հայտարարված նպատակը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ջախջախումն է։