Չեռնոգորիան Անվտանգության խորհրդի արտակարգ նի...

Չեռնոգորիայի Սկուպշչինայի (խորհրդարան) նախագահ Անդրիա Մանդիչը հանրապետության նախագահին և վարչապետին խնդրանք է ուղարկել՝ անտառային հրդեհների պատճառով երկրի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ։

«Չեռնոգորիան բախվել է տարերային աղետի, որը կարող է դառնալ նրա պատմության ամենամեծերից մեկը։ Եղանակային էքստրեմալ պայմանները՝ 40 աստիճանից բարձր ջերմաստիճանը, ցածր խոնավությունը, չափազանց անբարենպաստ ջրագրական պայմանները և ուժեղ քամին, հանգեցրել են լայնածավալ հրդեհների և անընդհատ մեծացնում են կրակի տարածման ու հրդեհի նոր օջախների առաջացման վտանգը։ Փորձագետների կարծիքով՝ առաջիկա երեք օրը վճռորոշ նշանակություն ունի իրավիճակը կայունացնելու համար», - X-ում գրել է Մանդիչը։

Նրա խոսքով՝ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելը անհրաժեշտ է՝ «մարդկային կյանքը, սեփականությունը, ենթակառուցվածքները և բնական պաշարները պաշտպանելու անհետաձգելի միջոցառումները» հաստատելու համար։

Ամառային զբոսաշրջային սեզոնի թեժ պահին Չեռնոգորիայում մի քանի խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել։ Ամենադժվար իրավիճակը երկու խոշորագույն քաղաքներում՝ Պոդգորիցայում և Նիկշիչում է, ինչպես նաև մի շարք ծովափնյա շրջաններում։ Նախօրեին Սերբիան Չեռնոգորիա է ուղարկել ռուսական արտադրության «Կամով» ուղղաթիռ՝ 5 տոննա բեռնատարողությամբ, որպես շտապ օգնություն։ Մեքենան արդեն աշխատում է Պոդգորիցայի մերձակայքում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ։